7 որդի, 6 կնքահայր. Մոսինյանների բազմազավակ ընտանիքի պատմական օրը

Մոսինյաններն ի սկզբանե «պոտենցիալ» քավորների մեծ ցանկ են ունեցել, սակայն ոչ բոլորն են պատրաստ եղել բազմազավակ ընտանիքի հետ անցնելու այս պատասխանատու ճանապարհը։
Sputnik
7 որդի, 6 կնքահայր. Սանահինի վանական համալիրի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մասիս քահանա Առաքելյանն իր ծառայության պատմության ամենազանգվածային մկրտությունն իրականացրեց։ Ասում է` մինչ այս առավելագույնը միանգամից 5 հոգու է մկրտել, այն էլ` մի ընտանիքի անդամներ չէին։ Իսկ այս օրն իսկապես պատմական է։ Մկրտվողները վանաձորցի Մոսինյանների բազմազավակ ընտանիքի բոլոր երեխաներն են` մեծից փոքր։
Մոսինյանների բազմազավակ ընտանիքը
«Այս ընտանիքն արդեն Աստծուց մեծ շնորհ է ստացել, շատերն են երազում, բայց ոչ բոլորին է տրված զավակ ունենալու բերկրանքը վայելելը։ 7 որդով սեղան նստելն իսկապես օրհնություն է։ Մկրտությունից հետո Աստծո օրհնությունն է իջնում մկրտվածի և նրա տան վրա»,– ասում է տեր Մասիսը։
Սանահինի վանական համալիրի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մասիս քահանա Առաքելյանը Sputnik Արմենիայի թղթակից Մարիաննա Փայտյանի հետ
Սարիբեկ, Ալեն, Վաչե, Լեո, Մենուա, Դավիթ և Նոյ. Մոսինյանների 7 որդիներն այս օրվանից հետո, ինչպես ընդունված է ասել, վերածնվում են, մաքրվում ադամական մեղքից և Աստծո որդեգիր դառնում։
Սանահինի վանական համալիրի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մասիս քահանա Առաքելյան
Ընտանիքի հայրը` Արենն ասում է` մկրտություն անցկացնելու նպատակ վաղուց ունեին։ Հուլիսի 8-ին իրենց ավագ որդին` Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր Սարիբեկը մեկնում է Իտալիա` Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում հանդբոլի մրցումների մասնակցելու։ Սպասվելիք պատասխանատու իրադարձությունն արագացրեց մկրտություն կազմակերպելու որոշումը։
Արեն և Լիլիթ Մոսինյանները
«Ես որոշեցի, որ իմ տղան պետք է ինքնաթիռ նստի մկրտված։ Իսկ քանի որ մենք եթե մի բան ենք անում տղաներից մեկի համար, ուրեմն անում ենք բոլորի համար, այդպես էլ որոշեցինք բոլորին մկրտել»,– ասում է հայրը։
Սարիբեկը, Ալենը և Վաչեն
Ինչ վերաբերում է կնքահայրերի ընտրությանը, ապա այն հեշտ չի եղել։ Նախապես մեծ ցանկ են ունեցել, որը կազմվել է մեծ պատասխանատվությամբ։ Խոստովանում է` մեծ ցանկից շատերը մերժել են քավորության առաջարկը։
Մոսինյանների զավակներն իրենց քավորների հետ
«Մեր ընտանիքի հետ ոչ բոլորն էին պատրաստ անցնել այդ պատասխանատու ճամփան»,– նշում է Արենը։
Երեխան շատ չի լինում․ «7 որդով սեղան նստելու» օրհնանքը Մոսինյաններն իրականություն դարձրին
Հավելում է` ոչ մեկից էլ նեղացած չեն, շնորհակալ են բոլորին, որովհետև հավատում են` բարին դա էր։ Իսկ ովքեր ընդունեցին Մոսինյանների առաջարկը, ստացվեց «քավոր–սանիկ` մեծ ընտանիք»։ Քավորներն ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են` փաստաբան, մարզիկ, զինվորական...
Դավիթ Մոսինյանը մկրտության արարողության ժամանակ
«Ընտրություն կատարելիս առաջնորդվել եմ մի կարևոր սկզբունքով` քավորը պետք է ունենա հայեցի ապրող ընտանիք, լոռեցու ասած` տղավարի լինի։ Մի նախապայման էլ եմ ունեցել, որ նախապես ասել եմ ընտրված քավորներին` ձեր սանիկները կարողանան ձեզ հետ հանգիստ շփվել, անգամ եթե խոսեմ վրաները, ասեն` քավորիս կասեմ։ Վստահ եմ, որ ընտրությանս հարցում չեմ սխալվել»։
Ընդունված է, որ կնքահայրն իր սանիկի հոգևոր ծնողն ու առաջնորդողն է դառնում, ուստի կնքահայրն ինքը պետք է օրինակելի կյանքով ապրի։
Սանահինի վանական համալիրը
Այս գիտակցումով էլ արդեն 11-րդ անգամ փաստաբան Գարիկ Գալիկյանը համաձայնեց կնքահոր պատասխանատվությունը ստանձնել։ Մոսինյանների հետ ծանոթացել է համացանցով, առցանց ընկերությունն իրական ընկերության է վերածվել, մկրտությունից հետո էլ` բարեկամության։
Սարիբեկ Մոսինյանի կնքահայրը` Գարիկ Գալիկյանը
«Իմ յուրաքանչյուր սանիկ իմ ընտանիքի մի մասնիկն է։ Ձևական չեմ լինում քավոր, եթե ստանձնել եմ պարտավորություն, ուրեմն ստանձնում եմ մինչև վերջ։ Մենք իրար հետ կկիսենք բոլոր հնարավոր ուրախությունները, բոլոր լավ ու վատ օրերը»,– ասում է Գալիկյանը։
Հիշեցնում է` սովետական տարիներին եթե մի ընտանիքում 7 երեխա կար, ուրեմն համարվում էր հերոս ընտանիք։ Մոսինյանների հարկի տակ 7 ապագա զինվոր է ապրում, անգամ եթե մնացած ամեն ինչը մի կողմ դնենք, միայն դրա համար արդեն պետք է ընտանիքի առաջ գլուխ խոնարհել ու շնորհակալություն ասել։
Մենուա և Դավիթ Մոսինյանները
Գարիկ Գալիկյանն ընտանիքի չեմպիոնի` ավագ որդու` Սարիբեկի կնքահայրն է։ Արդեն անհամբերությամբ սպասում է Սարիբեկի գալիք հաղթանակներին։ Ասում է` առանց ավելորդ համեստության գլուխ է գովելու ու հպարտանալու է, որ Հայաստանի դրոշը բարձրացրած տղան իր սանիկն է։
Սարիբեկ Մոսինյանն ու եղբայրները մկրտության արարողության ժամանակ
Վաչեի կնքահայրն էլ սամբոյի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանն է։ Սա արդեն Տիգրանի երկրորդ քավորությունն է, ուստի ստանձնած պատասխանատվությունը նոր չէ։
«Մենք գիտենք, թե ինչ դժվար բան է մեր երկրում 7 ապագա զինվոր մեծացնելը։ Ամեն մեկս պետք է մեր սանիկի կողքին ամուր սարի պես կանգնենք, որ իրենք էլ հասկանան` ճիշտ ընտրություն են կատարել մեր հարցում։ Անձամբ ես ամեն ինչ անելու եմ Վաչեի համար, որ ինքը զգա` իր կողքին իսկական քավոր ունի»,– ասում է Տիգրանը։
Տիգրան Կիրակոսյանն իր սանիկի` Վաչե Մոսինյանի հետ
Ի դեպ, մկրտության հենց հաջորդ օրը Տիգրանը ճանապարհ ընկավ դեպի Եկատերինբուրգ` սամբոյի հերթական մրցույթին մասնակցելու և իր սանիկին չեմպիոն քավորով հպարտանալու ևս մեկ առիթ տալու։
Մոսինյանների ու նրանց կնքահայրերի ընտանիքները