Ուժգին պայթյուն Երևանի Արաբկիր վարչական շրջանում. տեղի են ունեցել փլուզումներ, կա տուժած

Փրկարարները փլատակներում իրականացրել են որոնողական աշխատանքներ, այլ տուժած քաղաքացիներ չեն հայտնաբերվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Քիչ առաջ Երևանում` ուժգին պայթյուն է տեղի ունեցել, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 3-ին, ժամը 22։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտա թիվ 54/1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Երևանի Կոմիտասի պողոտայում պայթյունի վայրը
Ըստ նախնական տվյալների՝ ավտոտնակում տեղի է ունեցել 20 կգ-անոց հեղուկ գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է երկու քարաշեն ավտոտնակ, տուժածը 78–ամյա քաղաքացի է։
«Փրկարարները տուժածին (Հ. Գ., ծնված 1945 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր»,–հայտնում են ՆԳՆ–ից:
Փրկարարները փլատակներում իրականացրել են որոնողական աշխատանքներ, այլ տուժած քաղաքացիներ չեն հայտնաբերվել:
Երևանի Կոմիտասի պողոտայում պայթյունի վայրը
Վնասվել են մոտակայքում կայանած տրանսպորտային միջոցները և բազմաբնակարան շենքի պատուհանները:
Փրկարարներն իրականացրել են անվտանգության միջոցառումներ:
Պայթյուն է եղել Երևան-Մեղրի ճանապարհի գազալցակայաններից մեկում, կա տուժած. լրացված