Քարակերտի գիշերային ակումբում տեղի ունեցած սպանությունից հետո 3 անձ է ձերբակալվել

Միջադեպի առնչությամբ ոստիկանություն ահազանգել է գիշերային ակումբի տնօրենն ու հայտնել, որ իր կողմից շահագործվող տարածքում վիճաբանություն է սկսվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի գիշերային ակումբում տեղի ունեցած սպանությունից հետո 3 անձ ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2023թ. հուլիսի 3-ին՝ ժամը 05:26-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Քարակերտի գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել, ինչի արդյունքում 3 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից մեկը բուժհաստատությունում մահացել էր։
«Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) 1-ին մասի, 166-րդ հոդվածի (առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի 1-ին կետի և 297-րդ հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի 1-ին կետի և 3-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ»,– նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 24-ամյա Սարգիս Հ․-ն, 32-ամյա Անդրանիկ Գ․-ն, 53–ամյա Քերոբ Հ․-ն և 33-ամյա Սևակ Գ․-ն վիճաբանել են նույն մարզի բնակիչներ 23-ամյա Զոհրաբ Բ․-ի և 24-ամյա Վալեր Ս․-ի հետ։ Վիճաբանությունից հետո ծեծկռտուք է սկսվել, իսկ Զոհրաբ Բ.–ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Սարգիսին, Անդրանիկին և Քերոբին։
Ստացված վնասվածքների հետևանքով Քերոբ Հ.–ն մահացել էր հիվանդանոցում։
Երևանյան կարաոկեները, դիսկոտեկները, սթրիփ ակումբներն ու շոգեբաղնիքներն այլևս չեն աղմկի