ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Այն պնդումը, թե հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ, իրականության հետ աղերս չունի։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Ավելի վաղ ԶԼՄ–ները, հղում անելով ԼՂ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանին, գրել էին, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կապ չի հաստատում ԼՂ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Բացի այդ, հրապարակումներ եղան, որ հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ:
«Իրականության հետ աղերս չունեցող այս պնդման առումով կարևոր ենք համարում ընդգծել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ինտենսիվ՝ ամենօրյա շփումների մասին: Այս հանգամանքը հրապարակային ելույթներում և տարբեր ձևաչափերում վերահաստատել է նաև ԼՂ նախագահը»,- գրել է Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում:
Նա հիշեցրել է, որ դեռ 2022թ տարեվերջին Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով հումանիտար ճգնաժամի կառավարման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի խնդիրը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ: Նա ընդգծել է, որ աշխատանքային խմբում ընդգրկված են առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերքել էր այն տեղեկությունը, թե ինքը Լեռնային Ղարաբաղի շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ կապ չի հաստատել: Նա Մետաքսե Հակոբյանին առաջարկել էր զերծ մնալ խոհանոցային մակարդակի խոսակցություններն օրակարգ բերելուց, հերքել իր տարածած սուտը և սեպ չխրել իրենց հարաբերությունների մեջ: