Հայ-իրանական երկկողմ համագործակցությունը ձևավորված է շատ բարձր մակարդակի վրա։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը այս մասին հայտարարել է Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, որը շուտով ավարտվելու է իր առաքելությունը Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական ծառայության ընթացքում հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում դեսպան Զոհուրիի ներդրած ջանքերի համար:
«Այնպես ստացվեց, որ Ձեր աշխատանքային գործունեության փուլում Դուք Հայաստանում եք եղել մեր նորանկախ պատմության ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկի ընթացքում, և մենք զգացել ենք և՛ Ձեր, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը: Դուք ևս հասկանում եք, թե ինչ է նշանակում աջակցությունն այն երկրների համար, որոնք այդ ժամանակաշրջանում օգնության, աջակցության կարիք ունեն»,- ասել է նախագահը և հաջողություններ մաղթել դեսպանին դիվանագիտական ծառայության ընթացքում։
Զոհուրին իր հերթին նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները գալիս են խոր անցյալից, և բոլոր ոլորտներում այսօր բարձր մակարդակ է գրանցված: «Կատարված աշխատանքը, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը ձևավորված է շատ բարձր մակարդակի վրա: Հուսով եմ՝ ապագայում ևս մենք ականատես կլինենք այդ հարաբերությունների առավել զարգացմանը»,-նշել է դեսպանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-իրանական բազմաշերտ համագործության շարունակական զարգացման հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, բնապահպանության, ենթակառուցվածքների, ոլորտներում ներկայումս առկա սերտ համագործակցությանն ու նշված ոլորտներում նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: Առանձնահատուկ շեշտվել է գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության խթանման անհրաժեշտությունը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Իրանի միջև առկա առևտրատնտեսական, քաղաքական ու մշակութային սերտ փոխգործակցության առավել սերտացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:
Երկուստեք ընդգծվել է Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման և տարածաշրջանի երկրների համար վերջինիս նշանակության կարևորությունը:
Նշենք, որ ավելի վաղ Իրանի դեսպանին ընդունել էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Հիշեցնենք` Աբբաս Բադախշան Զոհուրին ՀՀ–ում Իրանի դեսպան է նշանակվել 2019 թվականին, Հայաստանում դիվանագիտական ծառայությունը սկսել 2020-ի սկզբին: Նրան շուտով այդ պաշտոնում կփոխարինի Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։