ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ քաղաքացուց 20.000 դոլար գումար շորթելու համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Վ.Ա.-ն հանձնվել է ՀՀ-ին և կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վրաստանի քաղաքացի Վ.Ա.-ն 2016թ.-ին գտնվելով Հայաստանում, մարտի 26-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գործող ռեստորաններից մեկում մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ներկայանալով որպես «օրենքով գող», բռնություն է գործադրել իր հանձնարարությամբ ռեստորան կանչված ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի նկատմամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Վ․Ա-ն վերջինիս ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով պահանջել է նրանից առանձնապես խոշոր չափերով՝ 9 600 000 դրամին համարժեք 20 000 ԱՄՆ դոլար գումար։
Այնուհետև վերոհիշյալ հանցավոր խումբը, տեղեկանալով, որ այդ մարդը ռեստորան է եկել «Ռենջ Ռովեռ Սպորտ» մակնիշի ավտոմեքենայով՝ նրանից պահանջել են դրա բանալիները՝ որպես պահանջվող գումարն իրենց հանձնելու երաշխիք:
Քաղաքացին, այլընտրանք չունենալով, հանձնել է ավտոմեքենայի բանալիները, ինչից հետո ավտոմեքենան Կոմիտասի պողոտայի համապատասխան կայանատեղիից տեղափոխվել է նշված ռեստորանի հետնամաս, իսկ քաղաքացին հեռացել է։
Ձեռք բերված փաստերի հիման վրա 2016թ. մայիսի 5-ին որոշում է կայացվել Վ. Ա.-ին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում) որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը բավարարվել է։
Վ. Ա.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նա հայտնաբերվել և արգելանքի է վերցվել Չեխիայի Հանրապետությունում, ապա իրավական համապատասխան գործընթացի արդյունքում 2023թ. հունիսի 30-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։
Դատարանի որոշմամբ՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 1 ամիս ժամկետով։
Նախաքննությունը շարունակվում է: