ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն: Տեղեկությունը հրապարակվել է ԱԽ–ի ֆեյսբուքյան էջում։
«Այցի ընթացքում նախատեսված են ԱԽ քարտուղարի հանդիպումներն ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ԱԽ–ի` Գրիգորյանը Վաշինգտոնում քննարկելու է ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում անցկացրին երկկողմ բանակցություններ:
Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
Բանակցությունների հերթական փուլի ավարտից հետո ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն իրենց թիմերի հետ միասին համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ, սակայն մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք: