Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Կնյազ Իբոյանը ոսկե մեդալ նվաճեց, տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
92 կգ քաշային կարգի եզրափակիչում Մ23 Եվրոպայի փոխչեմպիոնը գոտեմարտեց թուրք Մուհամեդ Գիմրիի հետ և համառ պայքարում կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով:
Իբոյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 9:0 հաշվով առավելության էր հասել Հունգարիայի ներկայացուցիչ Քրիստիան Գաբոր Անգյալի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Իբոյանը 10:1 հաշվով հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Սալի Յուսրեֆով Սալիևին:
Կնյազ Իբոյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի վերջին ներկայացուցիչն էր:
Հայաստանի թիմը ազատ ոճի Եվրոպայի երիտասարդական հավաքականում պայքարն ավարտեց 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալներով՝ գրավելով երրորդ տեղը։
Ավելի վաղ արծաթե մեդալակիրներ են դարձել Լևիկ Միքայելյանը(61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86կգ), բրոնզե մեդալակիրներ` Նարեկ Գրիգորյանը (79 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ):
Այսօր ավարտված առաջնությունը մեկնարկել էր հունիսի 26-ին։