Արամ Ա-ն հեռախոսով զրուցել է Արայիկ Հարությունյանի հետ

Արամ Առաջին
Զրուցակիցները կարևորել են Արցախի ինքնորոշման իրավունքն ամուր պահելու հրամայականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հեռախոսով զրուցել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ և ևս մեկ անգամ վերահաստատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության զորակցությունը Արցախի ժողովրդին: Տեղեկությունը հրապարակվել է կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում։
«Վեհափառ հայրապետը Արցախի նախագահին տեղյակ է պահել Հունաստանի ու Կանադայի վարչապետների և Կիպրոսի նախագահի հետ ունեցած խորհրդակցությունների մասին, որոնք վերաբերել են Արցախի հարցին։ Նա հիշատակել է վերոնշյալ պաշտոնյաների մոտեցումները այս հարց վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Հարությունյանն էլ իր հերթին անդրադարձել է Արցախի դիմագրաված ներկայիս մարտահրավերներին։
Զրուցակիցները կարևորել են Արցախի ինքնորոշման իրավունքը ամուր պահելու հրամայականը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։