ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական լրատվամիջոցները հող են նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության համար` պատճառաբանելով, թե հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով սպանված 4 զինծառայողները ՀՀ ՊՆ զինծառայողներ են։ Twitter–ի իր էջում այս մասին գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ադրբեջանական կողմի պնդումները լրիվ կեղծ են, Լեռնային Ղարաբաղում հայաստանցի զինծառայողներ չկան, սպանված զինծառայողները Լեռնային Ղարաբաղից են եղել։ ՀՀ ՊՆ–ն բազմիցս առաջարկել է փաստահավաք միջազգային առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ ապացուցելու համար Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների ներկայությունը կամ բացակայությունը: Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը»,– գրել է Մարուքյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից նոր սադրանքի նախաձեռնումը հերթական անգամ կխախտի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հավաքագրել է անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական պնդումները, թե զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են, կեղծ և շինծու են։
Հիշեցնենք` հունիսի 28-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ։