«Մենք խնդիր ենք դրել մեր առաջ». Պապիկյանը` ռազմական համալսարանի վերակազմավորման մասին

Սուրեն Պապիկյան
Ռազմական համալսարանի մի շարք սպաներ և կուրսանտներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը համոզված է, որ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանն այնպիսի հաստատություն կդառնա, որտեղ ուսանելու մասին կերազեն նաև այլ երկրների երիտասարդները։ Նա այդ մասին հայտարարել է ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Սուրեն Պապիկյանը ռազմական համալսարանում
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ռազմական համալսարանը վերածվելու է ռազմական ակադեմիայի՝ իր կազմում ներառելով նաև ռազմաավիացիոն համալսարանը։

«Մենք արդեն ունենք կառավարության համապատասխան որոշումը։ Առաջիկայում այլ իրավական ակտերի միջոցով ևս ռազմական համալսարանի նոր կառուցվածքն ավարտուն տեսք կունենա։ Մենք խնդիր ենք դրել մեր առաջ, ըստ որի` ռազմական համալսարանը պետք է լինի ոչ միայն մեր զինված ուժերի դարբնոցը՝ կրթական կարևորագույն կենտրոնը, այլ դառնա այնպիսի ռազմաուսումնական հաստատություն, որտեղ ուսանելու ցանկություն և երազանք կունենան նաև այլ երկրների երիտասարդներ, և սա հնարավոր նշաձող է»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարար։

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամաններով համալսարանի մի շարք սպաներ և կուրսանտներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով:
Մի շարք սպաներ և կուրսանտներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով
Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է անձնակազմի հանդիսավոր երթով և ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական ելույթով:
Այնուհետև ներկաները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև: