Ի՞նչ հարցերի շուրջ են շարունակելու աշխատանքը ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարները

ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլն անցկացվեց ԱՄՆ–ում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պարզաբանել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի որ հարցերի շուրջ դեռ աշխատանք ունեն անելու։

«Խոսքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը, զորքերի հետ քաշմանը և Բաքու- Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը»,– Sputnik Արմենիային ասել է Բադալյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ:
Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
Բանակցությունների հերթական փուլի ավարտին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն իրենց թիմերի հետ միասին համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ, սակայն մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք: