ՀՀ–ն կարևորում է ԱՄՆ–ի դերը ԼՂ ժողովրդի անվտանգության հասցեագրման ուղղությամբ. փոխվարչապետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ–ն մեծապես կարևորում է ԱՄՆ ներգրավվածությունը և ջանքերը Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղություն հաստատելու, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու, օրենքի գերակայությունը ամրապնդելու, թափանցիկությունը խթանելու և կոռուպցիայի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար։
«Երկու երկրների միջև ամուր գործընկերություն է հաստատվել, որը վերջին տարիների ընթացքում շարունակաբար ընդլայնվում և ամրապնդվում է՝ հասնելով ռազմավարական երկխոսության մակարդակի: ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, արդարության, խաղաղության ու մարդկային արժանապատվության հիմնարար սկզբունքների ընդհանուր տեսլականի վրա»,– ասել է նա։
Մհեր Գրիգորյանը նաև անդրադարձել է ԱՄՆ–ի հետ առևտրատնտեսական կապերի խորացման հարցին և նշել, որ այս առումով համագործակցության զգալի հնարավորություններ և ներուժ կա մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային և էներգետիկայի ոլորտներում:
Ի՞նչ հարցերի շուրջ են շարունակելու աշխատանքը ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարները
Փոխվարչապետը կարևորել է նաև ամերիկահայ համայնքի դերը, որը նշանակալի ներդրում է ունեցել ամերիկյան հասարակության կայուն զարգացման գործում: