ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ֆրանսիայում ավելի քան 400 մարդ է բերման ենթարկվել զանգվածային անկարգությունների ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է «Figaro» թերթը՝ հղում անելով ՆԳՆ աղբյուրներին։
«Գիշերվա ընթացքում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 421 իրավախախտ, որոնց մեծ մասը 14-18 տարեկան երիտասարդներ են»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ թերթի` հիմա Ֆրանսիայի զգալի մասում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, բայց ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունենում Նանտերում:
Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերում՝ Փարիզից արևմուտք գտնվող արվարձանում, ստուգման ժամանակ սպանել են 17-ամյա դեռահասի, որը, ըստ ոստիկանների տեղեկությունների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր: Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել ուղղաթիռներ և զրահատեխնիկա։