ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Երևանում բացվեց խորհրդային և ռուսաստանցի ֆիզիկոս, լազերային ֆիզիկայի և օպտիկայի ոլորտի խոշոր մասնագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանի հուշատախտակը: Այսուհետ հուշատախտակը կզարդարի մայրաքաղաքի Սարյան փողոցում գտնվող շենքի պատը:
Քանդակագործ Գարեգին Դավթյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել Միշիկ Ղազարյանի կերպարի ստեղծման վրա:
«Սա այն գործերից է, որ ես հաճույքով եմ արել։ Ես նրան անձամբ չեմ ճանաչել, բայց աշխատանքի հետ կապված դժվարություններ չեն առաջացել»,-ասաց Դավթյանը։
Բացման արարողությանը ժամանած հարազատներն ու մտերիմները նշեցին Ղազարյանի ներդրումը գիտության մեջ: Նրանցից մեկը պատմեց, որ Միշիկն առանձնահատուկ էր իրենց գերդաստանում։ Բոլորը անհամբեր սպասում էին Մոսկվայից նրա յուրաքանչյուր ժամանմանը: Բարեկամուհի հիշում է, որ նա առանց հոգնելու պատասխանում էր իր հարցերին և ազդել է ապագայում իր մասնագիտության ընտրության վրա:
Միշիկ Ղազարյանը ծնվել է Երևանում՝ Կոնդ թաղամասում, բժիշկների՝ Երևանի բժշկական ինստիտուտի ամբիոնի վարիչ Հայրազատ Ղազարյանի և ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, Երևանի Մարգարյան ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Սերիկ Վանունու ընտանիքում։ Ծնողները հույս ունեին, որ որդին կգնա իրենց հետքերով, սակայն նա ընտրեց ֆիզիկան։ 16 տարեկանում մեկնել է Մոսկվա և ընդունվել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ։
Երևանում բացվել է ֆիզիկոս Միշիկ Ղազարյանի հուշատախտակը
© Sputnik / Aram Nersesyan
Ապագա պրոֆեսորը 1970 թվականին ավարտել է ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետը: Նույն թվականից աշխատել է Լեբեդևի անվան ֆիզիկական ինստիտուտում, 1989 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։
Հիմնական հետազոտությունները կապված են հզոր վերափոխվող լազերների ստեղծման, Ղազարյանի պլազմային 3D-էֆեկտի իրականացման համար պատասխանատու հիմնական ֆիզիկական մեխանիզմների ուսումնասիրության, լազերային բժշկության գունավոր ակուստիկ-օպտիկական հեռատեսիլային համակարգերի և սարքերի կառուցման, այլընտրանքային և ջրածնային էներգետիկայի հիմնախնդիրներում նոր լուծումների մշակման, երկարատև լյումինեսցենցիայով նոր կոմպոզիցիոն նյութերի, նոր նանոնյութերի սինթեզի հետ:
Նա առաջատար գիտական ամսագրերում և հանրագիտարաններում մի շարք ակնարկների, միջազգային արտոնագրերի, 26 գրքի և տարբեր միջազգային հրատարակություններում գազի լազերների և ակտիվ օպտիկական համակարգերի ֆիզիկայի ոլորտում 9 հոդվածների ժողովածուների հեղինակ է, հրատարակել է ավելի քան 700 գիտական աշխատանք:
Երևանում բացվել է ֆիզիկոս Միշիկ Ղազարյանի հուշատախտակը
© Sputnik / Aram Nersesyan
2003 թվականին ընտրվել է Պրոխորովի անվան ճարտարագիտական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, իսկ 2008 թվականին՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ:
Ղեկավարել է ՄԳՏԿ-ի և CRDF-ի բազմաթիվ միջազգային նախագծեր, եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Լյումինեսցենցիայի գիտական խորհրդի գիտական քարտուղար, ծրագրային և կազմակերպչական կոմիտեների անդամ, բազմաթիվ հայրենական և միջազգային գիտաժողովների սեկցիաների նախագահ:
Երևանում բացվել է ֆիզիկոս Միշիկ Ղազարյանի հուշատախտակը
© Sputnik / Aram Nersesyan
Մեծ ուշադրություն է դարձրել գիտության մասսայականացմանը։ Եղել է գիտահանրամատչելի ֆիլմերի գիտական խորհրդատու։ Մասնակցել է խորհրդային ատոմային նախագծի իրականացման 70-ամյակին նվիրված «Շչյոլկին. ատոմային ռումբի կնքահայրը»(2019) վավերագրական ֆիլմի ստեղծմանն ու նկարահանումներին։
Մահացել է 2020 թվականի ապրիլի 6-ին՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի բարդություններից։ Դրանից 10 օր առաջ մահացել էր նրա կինը՝ բժիշկ-համաճարակաբան, պրոֆեսոր, վիրուսային հեպատիտների մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր Արփիկ Հասրաթյանը։