Դերասան Միխայիլ Եֆրեմովի որդին ընկել է պատուհանից. աղբյուր

Նիկոլայ Եֆրեմով
Տուժածը շտապօգնության բժիշկներին ասել է, որ պատահաբար է ընկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Մահացու վրաերթի համար դատապարտված դերասան Միխայիլ Եֆրեմովի որդին` Նիկոլայը, Մոսկվայում ընկել է պատուհանից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրազեկ աղբյուրին։
Զրուցակիցը նշել է, որ իրավապահները երեկ են միջադեպի մասին հաղորդում ստացել բուժհաստատությունից ։
«Տուժած Նիկոլայ Եֆրեմովը շտապօգնության աշխատակիցներին հայտնել է, որ պատահաբար է ընկել պատուհանից», – ասել է աղբյուրը` մանրամասներ չնշելով տղամարդու վիճակի մասին։
Հիշեցնենք` Միխայիլ Եֆրեմովի նկատմամբ հարուցված քրեական գործն առնչվում է Մոսկվայի կենտրոնում` Սադովոյե կոլցոյում, 2020 թվականի հունիսի 8-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին։ Քննության վարկածով` դերասանը «Jeep Grand Cherokee»–ով դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել «Լադայի»։ «Լադայի» վարորդը` առաքիչ Սերգեյ Զախարովը, ժամեր անց հիվանդանոցում մահացել է։ Վթարի ժամանակ դերասանը ոչ սթափ վիճակում է եղել։
Պրեսնենսկի դատարանը դերասան Միխայիլ Եֆրեմովին մեղավոր է ճանաչել մահվան ելքով ավտովթարի համար և դատապարտել 8 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում, այնուհետև Մոսկվայի քաղաքային դատարանը կրճատել է ժամկետը մինչև 7.5 տարի: Եֆրեմովը պատիժը կրում է Բելգորոդի գաղութում։