Տասնյակ իրաքցիներ բողոքի ցույց են կազմակերպել Բաղդադում Շվեդիայի դեսպանատան մոտ այն բանից հետո, երբ այդ երկրում ենթադրաբար իրաքցի ներգաղթյալը Ստոկհոլմի կենտրոնական մզկիթի դիմաց այրել է Ղուրանից պոկված էջերը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Մարդիկ մոտեցել են դեսպանատան մուտքին։ Նրանցից ոմանք Ղուրանի օրինակներ են բերել իրենց հետ։ Նրանք կարգախոսներ են վանկարկում Ղուրանի պղծման դեմ։ Բողոքի ակցիայի երիտասարդ մասնակիցներից մի քանիսին հաջողվել է բարձրանալ դիվանագիտական առաքելությունը շրջապատող բարձր ցանկապատի վրա, և նրանք սկսել են դեսպանատան ներքին հատված նետվել:
Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է հունիսի 28-ին՝ Կուրբան բայրամ տոնի առաջին օրը, Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ Ղուրան այրելու բողոքի ակցիա անցկացնել։ Վարչապետ Ուլֆ Յալմար Քրիստերսոնը հայտարարել է, որ ոստիկանության որոշումը օրինական է, բայց ոչ տեղին: Նույն օրը տղամարդը, որը ենթադրաբար իրաքցի է, Ղուրանից էջեր է պոկել և հրկիզել։ ԶԼՄ-ների տվյալներով՝ նրան հետևել է մոտ 200 մարդ, ոմանք ի նշան բողոքի բղավել են «Աստված մեծ է», նրանցից մեկին ոստիկանությունը ձերբակալել է «ցուցարարի» վրա քար նետելու փորձից հետո։