ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ավարտին շնորհակալություն հայտնեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին կատարած աշխատանքի համար` հիշեցնելով, որ Փամբուխչյանը որպես նախարար վերջին անգամ է մասնակցում գործադիր մարմնի նիստին։
«Պարո՛ն Փամբուխչյան, շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար և համոզված եմ, որ ձեր ներուժը, հմտությունները կօգտագործվեն պետական կառավարման համակարգում ի բարօրություն մեր պետության»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ ԱԻՆ–ը հունիսի 31-ից կմիավորվի ՆԳՆ–ին։
Նախարարի պաշտոնը լքող Փամբուխչյանն էլ վստահության ու համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց Փաշինյանին ու գործընկերներին։
Փամբուխչյանը պաշտոնից ազատվելուց հետո ղեկավարելու է Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական շտաբը և այդ փաստից ընդհանրապես վիրավորված չէ։ Կառավարության նիստից հետո նա այդ մասին ասաց լրագրողներին` անդրադառնալով հարցին` արդյոք վիրավորական չէ՞, որ նախարարի պաշտոնից ազատվում է։
«Առաջիկայում սպասվում են Երևանի ավագանու ընտրություններ, և ինձ վստահվել է ղեկավարել նախընտրական շտաբը։ Դա նույնպես բարձր վստահություն է, որովհետև Երևանի ընտրություններն ունեն կարևորություն, և ես, լինելով ՔՊ վարչության անդամ, պետք է ղեկավարեմ այդ շտաբը»,–ասաց նա Փամբուխչյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե գործազուրկ մնացիք, պարոն Փամբուխչյան, նա ժպիտով պատասխանեց. «Վաղվանից»։
Թե ինչով պետք է զբաղվի ավագանու ընտրություններից հետո, Փամբուխչյանն ինքն էլ չգիտի։
«Որևէ քննարկում չկա ներկա պահին։ Կա քաղաքական որոշում, որպեսզի ղեկավարեմ նախընտրական շտաբը, և ես վաղվանից պետք է սկսեմ նախապատրաստական աշխատանքները»,–հավելեց նա։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է: