ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Նեյրոցանցերը լայն տարածում են գտել առցանց տեսանյութերի ստեղծման համար շնորհիվ նրա, որ օգնում են տնտեսել ժամանակն ու ռեսուրսները։ Սկզբում AI–ը (արհեստական բանականություն) սովորել է որակյալ և արագ պատկերներ ստանալ հարցումների հիման վրա, իսկ ինքնուրույն հաջորդ քայլն է անում և սկսում որակյալ տեսանյութ գեներացնել նույն տեքստային նկարագրությունների հիման վրա։
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի վիդեոարտադրության տնօրինության բաժնի պետ Ալեքսանդր Պետրովը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում SputnikPro–ի դասընթաց անցկացրեց «Ինչպես մեկ մարդուց մի ամբողջ խմբագրություն ստեղծել» թեմայով։
Փորձագետը մասնավորապես բացատրեց` ինչպես է հնարավոր բազմալեզու տեղեկատվական կոնտենտ ստանալ սեղմ ժամկետներում և նվազագույն ռեսուրսներով, ինչպես աշխատել նեյրոցանցերի հետ և ինչպես կարելի է 3-4 անգամ արագացնել նորությունների բովանդակության ստեղծումը։
«Կան տեխնիկաներ, որոնք սովորելով, հնարավոր է նորությունների կոնտենտ ստեղծելիս նվազագույնի հասցնել ռեսուրսների վատնումը», – ասաց նա։
Նման գործիքներից մեկը նեյրոցանցերի THERE’S AN AI FOR THAT ագրեգատորն է, որտեղ ցանկացած նպատակի համար հարցմամբ հնարավոր է AI գտնել։ Այստեղ մասնավորապես կարելի է լավացնել տեսանյութի ձայնի որակը, այսինքն նվազեցնել աղմուկը, ձայնն ավելի մաքուր և հստակ դարձնել և այլն։ Բացի այդ, ագրեգատորը թույլ է տալիս քիչ թե շատ որակյալ թարգմանություններ ստանալ աշխարհի տարբեր լեզուներով, ինչպես նաև տեքստի հնչյունավորում։
Midjourney–ի նման ծառայությունը կարող է ստեղծել օրիգինալ պատկերներ, որոնք հնարավոր է կիրառել սյուժեներում։ RunwayApp –ը կարելի է օգտագործել վիզուալ էֆեկտներ ստեղծելու, պատկերի և տեսանյութի մշակման, կոնտենտի գեներացման և մի շարք այլ բաների համար։
Փորձագետը վստահ է, որ ինքնակազմակերպման և պլանավորման տեխնիկաները յուրացնելով` մեկ մարդը կարող է փոխարինել մի ամբողջ խմբագրության։
Մասնակիցների կարծիքները
«Միկա Բադալյան» Telegram ալիքի հեղինակ Միկա Բադալյանը խոստովանեց, որ սեմինարին մասնակցելուց առաջ գաղափար անգամ չուներ նեյրոցանցերի աշխատանքի մասին, ինչպես նաև նրա, թե ինչպես դրանք կարող են օգնել կոնտենտ ստեղծելիս։
«Հիմա արդեն ընդհանուր պատկերացում կա, իսկ երբ դա կա, հետաքրքրվածություն է առաջանում։ Կշարունակեմ ուսումնասիրել նեյրոցանցերը, հետագայում աշխատանքում դրանք կիրառելու համար։ Ուսումնասիրելու եմ, փորձելու որևէ բան սովորել։ Այն բավական հզոր գործիք է, հատկապես տեղեկատվական տիրույթում աշխատող մարդու համար», – ասաց նա։
«Ռուսական տան» աշխատակցուհի Էլյա Ղազարյանն իր հերթին հավելեց, որ վարպետության դասընթացն իր համար բավական օգտակար էր, քանի որ ինքը SMM–ով է զբաղվում։
«Շատ ժամանակ եմ ծախսում կոնտենտի ստեղծման, վիդեոմոնտաժի վրա։ Նեյրոցանցերն օգտագործելով` խնդիրը բավականին հեշտանում է, և հիմա մի քանի րոպեում կարող եմ պատրաստել տեսանյութեր, որոնց վրա ժամանակին 2 ժամ էի ծախսում», – խոստովանեց Էլյան։
***
SputnikPro-ն Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոկայանի նախագիծն է լրագրողների, պրոֆիլային բուհերի ուսանողների, մամուլի ծառայությունների աշխատակիցների և մեդիաոլորտի այլ մասնագետների համար։ Նպատակը` արտասահմանյան գործընկերների հետ փորձի փոխանակումն է, մեդիահաղորդակցության և մասնագիտական կապերի զարգացում։
Նախագիծն իրականացվում է 2018թ․-ի մարտից։ Այդ ընթացքում SputnikPro վարպետության դասեր են անցկացվել Աբխազիայում, Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Հունաստանում, Վրաստանում, Հնդկաստանում, Չինաստանում, Ղրղզստանում, Թուրքիայում, Էստոնիայում և Հարավային Օսեթիայում:
Ընդհանուր առմամբ, 2018 թվականի մարտից նախագծին մասնակցել է ավելի քան 6000 մարդ 80 երկրներից։