ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Պարզվել են «Նոր Զովք» և «Ալեքս Տեսքտիլ» ՍՊԸ-ների կողմից իրացման շրջանառությունները թաքցնելու հանգամանքները: Տեղեկանում ենք ՊԵԿ լրատվական ծառայությունից։
«2023 թ. մայիս և հունիս ամիսներին արդեն իսկ առանձին կազմակերպությունների կողմից համալիր հարկային ստուգումների ընթացքում ներկայացվել են ճշտված հարկային հաշվարկներ` հայտարարագրելով նախկինում թաքցրած հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում «Նոր Զովք» ՍՊԸ-ի գծով առաջացել է շուրջ 4.0 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն»,–նշված է հաղորդագրության մեջ:
Իսկ «Ալեքս Տեսքտիլ» ՍՊԸ-ի գծով առաջացել է 1.1 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն։
Արդյունքում ՍՊԸ–ները հայտարարագրել են ընդհանուր 5․1 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն։
ՀՀ ՊԵԿ–ից հիշեցնում են, որ 2023 թվականի փետրվարին հայտնաբերվել էր «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվության շտեմարանը (սերվերը), որում արտացոլվում էին հարկ վճարողների իրական իրացման շրջանառությունները: Այլ հարկ վճարողների հարկային պարտավորությունների ճշտման գծով քննչական և ստուգողական վարույթները շարունակվում են: