Միրզոյան–Բայրամով հանդիպումը կառուցողական էր. Պետդեպը` ԼՂ–ում տեղի ունեցած միջադեպի մասին

Վեդանտ Պատել
Ըստ ամերիկացի պաշտոնյայի` առանցքային խնդիրները լուծելու և տևական արդյունքի հասնելու համար կարևոր է ուղիղ երկխոսությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կառուցողական հանդիպում են ունեցել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը` պատասխանելով ամերիկացի լրագրողի հարցին։
Լրագրողը հետաքրքրվել էր, թե ԱԳ նախարարների բանակցությունները շարունակվելու են այսօր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած լուրջ միջադեպից հետո, որի հետևանքով 4 հայ զինծառայող է զոհվել։
«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում զոհերի համար և մեր ցավակցություններն ենք հայտնում նրանց ընտանիքներին` բոլորի ընտանիքներին, որոնք զոհվել են։ Վերջին միջադեպերն առավել ընդգծում են ռազմական գործողությունները դադարեցնելու ու երկարաժամկետ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ն հավատարիմ է կողմերին այդ նպատակին հասնելու հարցում օգնություն ցուցաբերելու գործում»,– նշեց Պատելը։
Նա հավելեց, որ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն անձամբ է ներգրավված խաղաղության գործընթացում։ Շեշտեց` ուղիղ երկխոսությունն է առանցքային խնդիրները լուծելու և տևական արդյունքի հասնելու բանալին:
Պատելը հավելեց, որ բանակցություններն ու աշխատանքները շարունակվելու են` ըստ սահմանված ժամանակացույցի։
Հիշեցնենք, որ հունիսի 27-29-ը Վաշինգտոնում ընթանում է հայ–ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները խրախուսում է խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցելուն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը և շարունակելու է աջակցել այդ գործում։
Հունիսի 27-ին կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ու երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։
Այսօր ԱՄՆ–ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։