Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների ստեղծման հնարավորությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ` մեկնաբանելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օդային կառավարման միասնական համակարգ ստեղծելու ծրագրերը:
«Ռուսական կողմը բազմիցս բացասական վերաբերմունք է արտահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի մշտական կամ քվազի-մշտական ենթակառուցվածքի հնարավոր առաջացման նկատմամբ, և մեր դիրքորոշումը անփոփոխ է մնում»,-ասել է Զախարովան:
Ավելի վաղ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օդային կառավարման միասնական համակարգ ստեղծելու մասին հայտարարել էր Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Հալուք Գյորգյունը: Օդային հրամանատարության միասնական կառավարման համակարգի միջոցով երկու երկրների ռազմաօդային ուժերը հնարավորություն են ստանում համատեղ գործողություններ իրականացնել, ինչպես նաև վերահսկել Ադրբեջանի օդային տարածքը:
Պաշտոնյան նշել է, որ օդային տարածքի վերահսկողության համատեղ գոտին կընդգրկի Էգեյան ծովից մինչև Կասպից ավազան ընկած տարածքը: