Արցախում Ադրբեջանի վերջին սադրանքը ճնշում է ոչ թե Վաշինգտոնում բանակցող ՀՀ իշխանությունների, այլ արցախցիների և արցախյան իշխանությունների վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով ընթացող բանակցությունների և Ադրբեջանի սադրանքների միջև հնարավոր կապին։
Հայտնել ենք, որ այս գիշեր Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ։
Պատգամավորը համոզմունք է հայտնում, որ Արցախի ուղղությամբ կատարվողը չի կարող որևէ կապ ունենալ ՀՀ իշխանությունների կողմից վարվող բանակցությունների հետ, քանի որ վերջիններս արդեն իսկ հայտարարել են, որ տեսնում են Արցախը Ադրբեջանի կազմում։
«Այս պայմաններում ՀՀ իշխանություններին ճնշելու իմաստ չկա, սա ուղիղ ճնշում է Արցախում ապրող մեր այն հայրենակիցների նկատմամբ, ովքեր կամք են ցուցաբերում, ովքեր շարունակում են հայտարարել, որ պայքարելու են հանուն այն նպատակների, որոնք դրված են եղել երեք տասնամյակ առաջ, և անկախ ադրբեջանական ճնշումներից, անկախ հայաստանյան այս իշխանությունների հանցավոր անգործությունից ու միջազգային հանրության լռությունից, իրենք իրենց պայքարը շարունակելու են»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ստեղծված իրավիճակում և՛ Հայաստանի դիրքորոշումը Արցախի վերաբերյալ, և՛ միջազգային հանրության լռությունը պատգամավորը համարում է կանաչ լույս Ադրբեջանի համար` Արցախի հարցում իր նպատակներին հասնելու համար։
«Ադրբեջանն անընդհատ սեղմում է օղակը Արցախի շուրջ, որն առաջին հերթին արտահայտվում է տոտալ շրջափակմամբ, որի պայմաններում նույնիսկ Կարմիր խաչն ու ռուս խաղաղապահները չեն կարողանում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներ ապահովել Արցախում։ Երկրորդը` ուժի կիրառումը մարտական դիրքերի ուղղությամբ, որով փորձում են արագացնել Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը»,–ասաց պատգամավորը։
Իսկ այն, ինչ կատարվում է Վաշինգտոնում, Աբրահամյանի խոսքով` ոչ թե բանակցություններ են հանուն խաղաղության, այլ իրականում դա ադրբեջանական պահանջատիրության ամբողջացումն է, որիկոնկրետ նպատակներից է նաև վերահսկողությունը Արցախի հանրապետության նկատմամբ։ Եվ այս հարցում Ադրբեջանն ունի ՀՀ իշխանությունների դրական պատասխանը։
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ մյուս կողմից` վարվող բանակցություններով և պայմանագրով Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել ՀՀ–ի նկատմամբ հետպատերազմյան իրականացրած ագրեսիան և դրա հետևանքով Հայաստանի մեծ թվով տարածքների նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև իր թաքնված և ուղիղ արտահայտված տարածքային պահանջները փորձում է բերել և ամբողջացնել այդ պայմանագրի մեջ։
«Չգիտեմ`որքանով է կոռեկտ դա համարել խաղաղության, դա իրականում ոչ մի կապ չունի խաղաղության հետ։ Իրականության մեջ դա Հայաստանի տարածքների նկատմամբ ադրբեջանական վերահսկողության լեգիտիմացումն է և նոր տարածքների նկատմամբ պահանջատիրության փաստաթղթային ամրագրումը»,–ամփոփեց խոսքը Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ երեկվանից ԱՄՆ–ի մայրաքաղաք Վաշինգտոնում ընթանում են բանակցություններ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Բանակցությունները պետք է սկսվեին հունիսի 12–ին, սակայն ադրբեջանական կողմի խնդրանքով օրը հետաձգվել էր։