Իրանի ԳՇ պետը Շոյգուի հետ քննարկել է ՌԴ-ի իրադարձությունները և հրավիրել Թեհրան

Սերգեյ Շոյգու
Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացման կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձություններն ու անվտանգության հարցերը: Տեղեկությունը հայտնում է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով Իրանի գլխավոր շտաբին։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը գեներալ Շոյգուի հետ հեռախոսազրույցում մտքեր է փոխանակել Ռուսաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, երկկողմ ռազմական կապերի, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության հարցերի շուրջ․․․ Բաղերին Շոյգուին հրավիրել է Իրան»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացման կարևորությունը: Մանրամասները չեն բացահայտվում:
Հիշեցնենք` հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ուժերը Դոնի Ռոստովում գրավեցին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի ունեցավ Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռառումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին, ինչը հերքեց և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ հարուցվեց։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակեց հանցավոր արկածախնդրություն, հարված թիկունքից և դավաճանություն։
Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, և նա ընդունել է Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու առաջարկը: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ «Վագների» ղեկավարը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։
Հունիսի 28-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ԱԴԾ-ում կարճվել է զինված ապստամբության գործը։