«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի ֆոտոթակարդը նկարահանել է գորշ արջին իր քոթոթի հետ։ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում նկարահանված տեսանյութը հրապարակվել է արգելոցի ֆեյսբուքյան էջում։ Կադրերում երևում է, թե ինչպես է մայր արջն ինքնամոռաց քորում մեջքը, ապա գլուխն ու վիզը` ծառի բնին քսմսվելով։ Փոքրիկ արջուկն էլ փորձում է մայրիկի օրինակին հետևել։
Գորշ արջն արգելոցի ամենախոշոր գիշատիչ կենդանին է։ Մարմնի երկարությունը մինչև 200 սմ է, քաշը՝ 190-300 կգ։
Հավելենք, որ հունիսին արգելոցի տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է մայր արջն իր քոթոթների հետ շրջում Խոսրովի անտառում։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքով` տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով, կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։