Հայաստանի երկաթուղու բեռնատարողությունը 8 մլն տոննա է. ՀԿԵ գլխավոր տնօրեն

Արխիվային լուսանկար
ՀԿԵ–ի գլխավոր տնօրենը հիշեցրեց, որ անցյալում Հայաստանը հաջողությամբ մեծ ծավալի բեռներ էր տեղափոխում։ Հաղորդակցությունների ապաշրջափակման պարագայում երկաթուղին կլինի պահանջված և եկամտաբեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքները այսօրվա դրությամբ սեփական տարածքով կարող են շուրջ 8 մլն տոննա բեռի տեղափոխում ապահովել։
Ավելին, պահուստի, թողունակության և բեռնատարողության տեսանկյունից երկաթուղին շատ հեռանկարային է։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Նրա խոսքով` 2022 թվականին 3.5 մլն տոննա բեռ է տեղափոխվել, այս տարի Սոթքի ուղղությամբ ծավալների նվազման հետ կապված ակնկալվում է մինչև 3 մլն տոննա։
«Պահուստի, թողունակության տեսանկյունից մեր երկաթուղին բավականին հեռանկարային է, այդ պատճառով այստեղ կասկածներ չեն կարող առաջանալ։ Եթե բեռների լրացուցիչ ծավալներ լինեն, մենք կկարողանանք դրանք տեղափոխել, դրա հետ կապված խնդիրներ չեն առաջանա», – ասաց Մելնիկովը։
Մյուս կողմից` այս ենթակառուցվածքը լուրջ ներդրումների, կապիտալ վերանորոգման և վերականգնման կարիք ունի։
«Եթե օբյեկտը 30 տարի չի գործել, իսկ այնտեղ բավական բարդ ինժեներական կառույցներ են, ապա, անկասկած նախագծային ինստիտուտների կողմից շատ լուրջ ուսումնասիրման կարիք կա, որից հետո արդեն կորոշվի վերականգնման ժամկետն ու դրա գինը», – ասաց Մելնիկովը։
ՀԿԵ–ն աշխատակազմը չի կրճատի «Սոթք»–«Արարատ» երթուղով փոխադրումների դադարեցման պատճառով
Ինչ վերաբերում է եկամտաբերությանը` ապա այն կլինի, երբ ծավալներ կլինեն, հավելեց ՀԿԵ–ի գլխավոր տնօրենը։ Նա նաև վստահություն հայտնեց, որ տվյալ հատվածները պահանջված կլինեն։
Մելնիկովը հավալեց, որ նախկինում, երբ Հայաստանում գործում էր Անդրկովկասյան երկաթուղու բաժինը, երկիրը հաջողությամբ մեծ ծավալների բեռնափոխադրումներ էր իրականացնում։
«Սա հաջող, լավ տրանսպորտային և լոգիստիկ միջանցք է, իսկ բեռները գնում էին Վրաստանով, Թուրքիայով, Իրանով», – ասաց նա։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: