ԱՄՆ–ում հանդիպել են Միրզոյանը, Սալիվանը և Բայրամովը. ԱԳՆ–ն մանրամասներ է հայտնում

Արարատ Միրզոյան
Եռակողմ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարարը շեշտել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Այսօր ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման առանցքում են եղել տարածաշրջանային վերջին զարգացումները:
«Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հասնելու համատեքստում Միրզոյանն ընդգծել է Ալմա Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի հիման վրա սահմանազատման հարցում առավելագույն որոշակիության ապահովման, ինչպես նաև զորքերի հետքաշման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերին՝ ընդգծելով ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների պահպանմանն այլընտրանքի բացակայությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների պատշաճ հասցեագրման կարևորության մասին։
Նա անդրադարձել է ԼՂ-ում Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողությանը, որի հետևանքով այսօր ՊԲ չորս զինծառայող է զոհվել։ Միրզոյանը շեշտել է, որ նման քայլերը միտված են խաթարելու բանակցային գործընթացը։ Նա ընդգծել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը։ ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է նաև, որ Լաչինի միջանցքը մինչ օրս ապօրինի շրջափակված է, որի հետևանքով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ է։ Նա շեշտել է, որ այս ամենը միտված է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելուն:
Նշենք, որ հունիսի 27-29-ը Վաշինգտոնում ընթանում է հայ–ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները խրախուսում է խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցելուն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը և շարունակելու է աջակցել այդ գործում։
Միրզոյանը, Բլինկենն ու Բայրամովը անդրադարձել են չլուծված հարցերին