Ժամանակացույցի խնդիր կար. Փաշինյանը` պլանով չնախատեսված ՀՕՊ միջոցներ ձեռք բերելու մասին

ՀՀ վարչապետը շեշտեց, որ քաղաքական պայմանավորվածությունը կար, բայց պաշտոնական Երևանին ասել են, որ չեն կարող ամբողջը մատակարարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հայաստանը սպառազինության և ռազմական տեխնիկայի պլանով չնախատեսված լրացուցիչ միջոցներ է ձեռք բերել։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձաժողովի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՕՊ միջոցների ձեռքբերման վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հարցին։
Եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք ՀՀ–ին չեն պատկանել. Փաշինյան
Քանի որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի նիստերին, Մամիջանյանի հարցը կարդաց ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որը հավաքագրել է տարբեր ժամանակներում և տարբեր առիթներով վարչապետին ուղղված հարցերը։
«Սպառազինության և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) պլանում փոփոխություն չի եղել, ընդհակառակը, մենք դրանով չնախատեսված լրացուցիչ ՀՕՊ միջոցներ ենք ձեռք բերել։ Պատճառն այն է եղել, որ պլանով նախատեսված ՀՕՊ միջոցները ձեռք բերելու ժամանակացույցի հետ կապված խնդիրներ ունեինք»,– նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով` քաղաքական պայմանավորվածությունը կար, բայց պաշտոնական Երևանին ասել են, որ որոշ մասը կարող են հիմա մատակարարել, իսկ մնացածը` 2025, 2026 կամ 2027 թվականներին։ Փաշինյանը վստահեցրեց` հենց այս ամենից ելնելով էլ հրատապ կերպով ՀՀ կառավարությունը մտածել է, թե որտեղից ինչ է հնարավոր ձեռք բերել։
ՀՀ վարչապետը շեշտեց, որ քաղաքական պայմանավորվածությունը կար, բայց պաշտոնական Երևանին ասել են, որ չեն կարող ամբողջը մատակարարել, մնացածն էլ մինչև 2027 թվականը հնարավոր կլինի։
Նախկինները բանակցելով Ադրբեջանին ժամանակ տվեցին պատրաստվել «լավագույն պատերազմի». վարչապետ
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Մամիջանյանը մեղադրել էր Փաշինյանին և նրա թիմին` ասելով, որ 2000 ԱԹՍ և ՀՕՊ համակարգեր պետք է գնեին, սակայն դա չէին արել։
Նա շեշտել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին որպես աջակցություն Հայաստանն անվճար 50.000 տ սպառազինություն է ստացել դաշնակցից։