Ըմբշամարտի 2023 թվականի Մ20 ԵԱ–ում Հայաստանի հավաքականն առաջին ոսկե մեդալը նվաճեց

Յուրիկ Հովեյանը մենամարտել է մոլդովացի Վիտալի Երյոմենկոյի հետ։
Sputnik
Իսպանական Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց ոսկե առաջին մեդալը:
63 կգ քաշային կարգում հանդես եկող Յուրիկ Հովեյանը եզրափակիչում` բավականին ծանր մենամարտում, հաղթանակի հասավ մոլդովացի Վիտալի Երյոմենկոյի նկատմամբ։ Մենամարտն ավարտվեց 5։5 հաշվով, բայց լրացուցիչ ցուցանիշով հաղթանակը շնորհվեց հայ ըմբիշին։
Նշենք, որ Հովեյանը կիսաեզրափակիչում 12։1 հաշվով ժամանակակից շուտ հաղթանակի էր հասել թուրք Ֆուրկան Էրքենի նկատմամբ։

55 կգ քաշային կարգում էլ Հոմերոս Առաքելյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում գեղեցիկ ու վստահ հաղթանակ տարավ թուրք Մուհամետ Էմին Չաքիրի նկատմամբ։

Հիշեցնենք, որ այսօր եզրափակիչում գոտեմարտելու է նաև 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։
Հիշեցնենք` հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը ԵԱ-ին մասնակցում է 10 մարզիկով` Հոմերոս Առաքելյան (55 կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Յուրիկ Հովեյան (63 կգ), Գասպար Տերտերյան (67 կգ), Աշոտ Խաչատրյան (72 կգ), Վահե Հովհաննիսյան (77 կգ), Ռուբեն Գևորգյան (82 կգ), Վիգեն Նազարյան (87 կգ), Արշակ Գեղամյան (97 կգ), Արամայիս Հարությունյան (130 կգ):
Առաջնությունը անցկացվում է հունիսի 26-ից հուլիսի 2-ը: