ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. 44– օրյա պատերազմի ընթացքում ռուս փորձագետները մինչև հոկտեմբերի 4-ը հիացած էին հայկական բանակի մարտունակությամբ։ Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե ինչ հիմնավորումներով էին ռուս փորձագետները եկել այդ եզրակացության։
«Այո՛, եղել է նման խոսակցություն, ես հիշում եմ։ Այդ խոսակցությունը եղել է ՊՆ բունկերում։ Խոսքը նրա մասին էր, որ մինչև այդ պահը շատ մեծ ճնշման պայմաններում Ադրբեջանը որևէ խոշոր ձեռքբերում չուներ», – ասաց վարչապետը։
Նրա խոսքով` դրանից հետո տեղի ունեցավ 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքում, որտեղ դիվիզիայի հրամանատարը Կարեն Առստամյանն էր։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովի նախորդ նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին, թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։