Համացանցում է հայտնվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արարատի մարզի Երասխի մետալուրգիական գործարանի աշխատակիցների և տեխնիկայի ուղղությամբ կրակելու տեսանյութը։ Այն հրապարակել է «ՋիԲիԹի Սթիլ» ընկերությունը։
«Ադրբեջանցիները կրակում են Երասխի մետալուրգիական գործարանի աշխատողների ուղղությամբ»,– ասվում է տեսանյութին կից։
Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։
Չնայած այս ամենին, Երասխում կառուցվող գործարանի շինհրապարակում հունիսի 20–ին բարձրացվել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։
Մետալուրգիական ձեռնարկությունը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը լրագրողներին ասել է, որ գործարանի ղեկավարությունն այդպիսով արձանագրում է իր հստակ որոշումը, որ, չնայած ադրբեջանական կողմի կրակոցներին և սադրիչ գործողություններին, շարունակելու են գործարանի կառուցման աշխատանքները։