ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու համար. Պետդեպ

ԱՄՆ Պետդեպ
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Վաշինգտոն է մեկնել հունիսի 25-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Միացյալ Նահանգները խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցելու ուղղությամբ և շարունակելու է աջակցել նրանց այդ գործում: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել Է ճեպազրույցի ժամանակ ՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումները:

«Միացյալ Նահանգները ուրախ է ընդունել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ այս շաբաթ բանակցություններին աջակցելու համար, քանի որ նրանք շարունակում են ձգտել խաղաղ ապագայի Հարավային Կովկասում»,- ասել է Միլլերը:

Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել Միրզոյանի և Բայրամովի հետ, ապա տեղի է ունեցել եռակողմ հանդիպում: Դրան հաջորդել են Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների երկկողմ բանակցությունները։
«Նրանցից յուրաքանչյուրի հետ հանդիպմանը Բլինկենն ընդգծել է, որ ուղիղ երկխոսությունը հարցերի լուծման եւ արժանապատիվ խաղաղության հաստատման բանալին է։ Միացյալ Նահանգները խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցելու ուղղությամբ և շարունակելու է աջակցել նրանց այդ գործում»,- նշել Է ամերիկացի դիվանագետը:
Հիշեցնենք՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Վաշինգտոն է մեկնել հունիսի 25-ին։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների վաշինգտոնյան հանդիպումը նախապես ծրագրված էր հունիսի 12–ին։ Բայց այն հետաձգվեց ադրբեջանական կողմի խնդրանքով։