ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. ԱՄՆ-ն Ուկրաինային շուրջ 500 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացնում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պենտագոնին։
Գերատեսչության տվյալներով՝ տվյալ փոխանցումը կպարունակի «առանցքային սպառազինություն, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի հակահարձակողական գործողություններին աջակցելու, նրա հակաօդային պաշտպանության ամրապնդման համար», ինչպես նաև լրացուցիչ զրահատեխնիկա, հակատանկային զենք և զինամթերք:
Ի թիվս այլ բաների, ռազմական օգնության նոր փաթեթը կներառի լրացուցիչ զինամթերք Patriot ՀՕՊ համակարգերի, HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար, ինչպես նաև Stinger զենիթային հրթիռներ։
ԱՄՆ-ն մտադիր է Կիևին մատակարարել նաև 30 լրացուցիչ Bradley ՀՄՄ, 25 Stryker զրահափոխադրիչ, Javelin հակատանկային հրթիռներ, ավիացիոն և հրետանային զինամթերք, հրաձգային զենք, ջերմադիտակներ և գիշերային տեսողության սարքեր, ինչպես նաև պահեստամասեր: