ԱՄՆ Կանզաս նահանգի պատվիրակությունն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն

ԱՄՆ Կանզաս նահանգի պատվիրակությունն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն
Բրիգադի գեներալի գլխավորած պատվիրակությունը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել պայմաններին և ուսումնանյութական բազային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ին այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հյուրերին ներկայացվել են մանրամասներ կենտրոնի պատմության, գործունեության և իրականացվող ծրագրերի վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Բրիգադի գեներալի Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել պայմաններին և ուսումնանյութական բազային։
Նշենք, որ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ–ում է Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում։
Ավելի վաղ նրանք այցելել էին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
ԱՄՆ–ի Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելին և Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վերներդին Հայաստան են ժամանել հունիսի 22-ին Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում:
Նրանք հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին։