ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Երևանի Ավան վարչական շրջանում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի46-ամյա կին վարորդը և ևս 8 անձ միջամտել են պարեկների օրինական գործունեությանը` հայհոյել և հարվածներ հասցրել նրանց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քննությամբ պարզվել է, որ 2023 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, 2 պարեկ կանգնեցրել են «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան, վարորդին` Երևանի 46-ամյա բնակչուհուն խնդրել ներկայացնել մեքենայի տեխնիկական անձնագիրը և վարորդական իրավունքի վկայականը (ՎԻՎ)։
«Կինը դրանք չի ներկայացրել, չի թույլատրել նույնականացնել իրեն, անգամ անձնագիր չի ունեցել, սուտ տվյալներ է հայտնել պարեկներին։ Արդյունքում կինը թույլ է տվել նույնականացնել իրեն, ինչից հետո պարզվել է, որ վերջինս չունի ՎԻՎ, ավտոմեքենան էլ վարել է ոչ իրական հաշվառման համարանիշներով, չի եղել ԱՊՊԱ պայմանագիր, տեխզննություն»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ արձանագրություններ կազմելուց առաջ մոտեցել են ոչ սթափ վիճակում գտնվող 8 տղամարդ, հայհոյել պարեկներին, վիրավորանքներ հնչեցրել։ Երբ ծառայողները փորձել են 4 տղամարդու ձերբակալել, 46-ամյա կինը դուրս է եկել ավտոմեքենայից, հայհոյել ու հարվածել պարեկներից մեկին: Այդ ընթացքում հիշյալ պարեկին կցված տեսախցիկն անհետացել է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 46-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) 3-րդ մասով և 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի 1-ին կետով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև հիշյալ տղամարդկանցից երկուսին՝ խուլիգանությկան համար: 46-ամյա կնոջ և տղամարդկանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ մյուս տղամարդու նկատմամբ կիրառվել է գրավը:
Նախաքննությունը շարունակվում է: