Հասարակական տրանսպորտին հատկացված գոտին իր նպատակին չի ծառայում. ուղևորը շարունակում է կանգառում 1 ժամ սպասել երթուղայինին։ Նման կարծիք Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերիկ Հարությունյանը։
Նշենք, որ Երևանում արդեն մի շարք փողոցներում երթևեկելի գոտի է առանձնացվել միայն հասարակական տրանսպորտի համար։ Քաղաքային իշխանությունները պնդում են, որ այդ կերպ կապահովվի հասարակական տրանսպորտի անխափան տեղաշարժը, դրանք կխուսափեն խցանումներից և վթարներից։
Փորձագետն ընդհանրապես երթուղային տրանսպորտի համար առանձին գոտին համարում է հասարակության, բնակչության համար շահեկան երևույթ, քանի որ դրա միջոցով կարող է բնակչության սպասարկումը բարելավել, սակայն Երևանինը այդ դեպքը չէ։
«Եթե մենք երթուղայինի համար առանձին գոտի ենք հատկացնում, ուրեմն նախ պետք է բավարար քանակով երթևեկելի գոտիներ ունենանք, որպեսզի մյուս տրանսպորտային հոսքերի համար խնդիրներ չստեղծենք։ Բացի այդ պետք է բարելավենք երթուղային տրանսպորտի աշխատանքը, հուշող ցուցատախտակներ պետք է լինեն կանգառներում, այլապես մարդիկ սպասում են երթուղայինին մեկ ժամ, իսկ այլ երկրներում ուշացումները տատանվում են 1-2 վայրկյանից ոչ ավելի։ Եթե ավտոբուսները համապատասխան քանակով և համապատասխան աշխատաժամանակով չեն կարողանում ապահովել, բա ինչի՞ համար են հատկացրել երթուղային տրանսպորտի գոտին»,–ասում է Հարությունյանը։
Այս դեպքում խնդրի լուծում դոցենտը համարում է տրանսպորտի քանակն ավելացնելը և երթուղային ցանցի մշակումը` ըստ ժամանակացույցի, որ ուղևորը կանգառում տեսնի` իր ավտոբուսը քանի վայրկյանից է գալու։
«Այդ դեպքում երկու ձեռքով կողմ եմ, որ երթուղային տրանսպորտի համար գոտի հատկացվի։ Իսկ այժմ պետք է ասել, որ այդ առանձնացված գոտին իր նպատակին չի ծառայում»,–ասաց մեր զրուցակիցը։
Հիմա առանձնացված գոտիով փողոցներում մյուս տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը ծանրաբեռնվել է, մի խաչմերուկից մյուս խաչմերուկ հեռավորությունն ընդամենը 200-400 մետր է, և այդ հեռավորության վրա վերադասավորման համար տրանսպորտային միջոցները մանևրեր են կատարում, որը և՛ բարդացնում է երթևեկությունը, և՛ դառնում է ՃՏՊ–ների պատճառ։
«Ընդամենը երեք երթևեկության գոտի է` մեկը ձախ երթևեկության համար, մեկը ուղիղ, մեկն էլ երթուղայինին է տրված։ Հիմա դեռ ամառ է, բա որ դպրոցների, բուհերի դասերը սկսվեցին, պատկերացրեք` ինչ կկատարվի»,–նշեց նա։
Հաջորդ թերությունը, ըստ Հարությունյանի, գծանշումներն են, որոնք Երևան քաղաքում պետք է թարմացվեն 3-6 ամիսը մեկ, սակայն թարմացվում են տարվա մեջ մեկ անգամ։ Ավտոբուսի մաշված գծանշումները ճանապարհային վթարի առիթ կարող է հանդիսանալ։
Ստեղծված խառնաշփոթ իրավիճակը փորձագետը կապում է ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետ, երբ երթևեկության կազմակերպման հետ կապ չունեցող անձինք այլ երկրների օրինակները փորձում են իրականացնել Հայաստանում` առանց լուրջ ուսումնասիրությունների և մասնագետների կարծիքը հաշվի առնելու։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկություններն արդեն հասանելի են «Yandex»-ի էլեկտրոնային քարտեզում։ Քաղաքացիներն ու զբոսաշրջիկները կարող են տեսնել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիներն ու կանգառները, պլանավորել երթևեկությունը՝ նշելով սկզբնակետը և վերջնակետը, տեսնել պլանավորված երթուղու ուղեգիծը։