ՀՀ–ի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր. Սիմոնյանը` Զոհուրիին

ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին և շնորհակալություն հայտնել պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդմանն ուղված ջանքերի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը: Այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` դիմելով Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Տեղեկությունը հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։
Իր հերթին Զոհուրին նշել է, որ Իրանն առանձնակի արժևորում է ՀՀ–ի հետ հարաբերությունների կարևորությունը, որոնք պայմանավորված են պատմամշակութային առնչություններով, փոխադարձ տնտեսական շահերով, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:
«Հանդիպմանը բարձր է գնահատվել երկու խորհրդարանների միջև հաստատված բարեկամական սերտ կապերը և խորհրդարանների միջև փոխգործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունները»,–նշվում է հաղորդագրությունում:
Դեսպանը կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովների անխափան աշխատանքը և բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում Սիմոնյանն ընդգծել է, որ անցյալ տարի Իրան կատարած պաշտոնական այցից հետո սպասում է գործընկեր Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի պատասխան այցին Հայաստան։
Իրանի դեսպանը ՀՀ–ից հեռանալուց առաջ այցելել է ՔԿ
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ ընդգծել է դեսպանի զգալի ներդրումը Հայաստանի և Իրանի միջև ձևավորված հարուստ օրակարգի շրջանակում:
Հիշեցնենք` Աբբաս Բադախշան Զոհուրին ՀՀ–ում Իրանի դեսպան է նշանակվել 2019 թվականին, Հայաստանում դիվանագիտական ծառայությունը սկսել 2020-ի սկզբին: Նրան շուտով այդ պաշտոնում կփոխարինի Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։