Փաշինյանը շնորհավորել է ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը

Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անձնական ջանքեր կգործադրի երկու երկրների միջև հարգանքի և փոխվստահության վրա հիմնված համագործակցության ամրապնդման ու խորացման ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի կարևոր գործընկերներից է ոչ միայն տարածաշրջանային նշանակության փոխշահավետ նախագծերի իրականացման և գործարար մթնոլորտի աշխուժացման, այլև միջքաղաքակրթական երկխոսության խորացման առումով: Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանին Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առաջիկա տարիներին կկարողանանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով հագեցնել հայ-էմիրաթական երկկողմ համագործակցության օրակարգը՝ ի շահ մեր պետությունների և բարեկամ ժողովուրդների»,– ասված է հաղորդագրության մեջ։
Շնորհավորական իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը նաև վերահաստատել է իր հանձնառությունը` անձնական ջանքեր գործադրելու երկու երկրների միջև հարգանքի և փոխվստահության վրա հիմնված համագործակցության ամրապնդման ու խորացման ուղղությամբ:
Նա նաև հիշեցրել է, որ հայ և արաբ ժողովուրդների բարեկամական կապերը դարերի խորքից եկող պատմություն ունեն, և այսօր նույնպես հպարտությամբ ականատես և մասնակից ենք միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացման այնպիսի մի փուլի, որում ակներև են առաջադիմական հեռանկարներ:
Ըստ նրա` երկու կառավարությունների միջև 2019 թվականին ստեղծվել և արդյունավետորեն գործում է առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովը, իսկ առևտրաշրջանառությունը վերջին երկու տարիներին ռեկորդային ցուցանիշ է գրանցել: