ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Նիդեռլանդներն իր քաղաքացիներին կոչ է անում հեռանալ Ռուսաստանից և չգնալ այնտեղ «անկանխատեսելի իրավիճակի» պատճառով։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ-ն, որի հայտարարության տեքստը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Հաշվի առնելով իրադարձությունների զարգացումը, Ռուսաստանում անվտանգության ռեժիմի խստացումը և անկանխատեսելիության բարձր աստիճանը` խստորեն խորհուրդ է տրվում չգալ Ռուսաստան, ավելին` անմիջապես լքել այդ երկիրը, եթե այնտեղ եք»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նշվում է, որ ամբողջ երկրի համար այժմ գործում է կարմիր-կրիտիկական գունային կոդը:
«Հետևեք նորություններին, եղեք զգույշ, բայց եթե ստիպված եք դուրս գալ փողոց, ապա ձեզ հետ միշտ ունեցեք անձը հաստատող փաստաթուղթ»,- խորհուրդ են տվել գերատեսչությունից:
Հիշեցնենք` Դոնի Ռոստովում հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» ՄՌԿ–ի ուժերը գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Քաղաքում զինված մարդկանց խմբեր էին տեղաշարժվում, քաղաքի ելումուտը վերահսկվում էր հսկիչ կետերով։ Այս ամենը տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարության ֆոնին։ Նա ասել էր, իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին, ինչը հերքել է և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակել էր հանցավոր արկածախնդրություն, հարված Ռուսաստանի մեջքին և դավաճանություն, որին հանգեցրել են մեծ հավակնություններն ու անձնական շահերը։
Մոսկվայի, Մոսկվայի և Վորոնեժի մարզերի տարածքներում հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ էր սահմանվել։