Սիրիայի և Լիբանանի հայ համայնքներին «Հայաստան» հիմնադրամն ավելի քան 2 մլն դոլար է փոխանցել

Հայկակ Արշամյանը վստահեցում է` հիմնադրամն իր առջև համարձակ նպատակներ է դնում բազմաբնույթ կենսական և ռազմավարական ծրագրեր իրականացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամը հումանիտար աջակցություն ցուցաբերելու շրջանակներում 2019-2023 թթ–ին Սիրիայի և Լիբանանի հայ համայնքներին ավելի քան 2 մլն դոլար է տրամադրել։ Այս մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ նիստին ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
««Հայաստան» համահայկական հիմնադրամը, հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանը, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ճգնաժամային իրավիճակներում հայտնված հայրենակիցներին։ Հայաստան–սփյուռք կառուցողական համագործակցությամբ հիմնադրամն իր առջև դնում է համարձակ նպատակներ` բազմաբնույթ կենսական և ռազմավարական ծրագրեր իրականացնելով հայրենիքում և սփյուռքում։ 2023 թվականին Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ հիմնադրամը 140 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել հայկական կրթօջախներին»,– ասաց Արշամյանը։
Նա ընդգծեց, որ այդ գումարները ոչ միայն ուսուցիչներին և անձնակազմին մի քանի ամիս աշխատավարձ վճարելու համար էին, այլև Սիրիայում, մասնավորապես Հալեպում, երկրաշարժից վնասված 4 կրթոջախները վերանորոգելուն։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ, երկրաշարժի զոհ է դարձել 48 000–ից ավել մարդ։
Սիրիայում նույն երկրաշարժի զոհերի թիվն անցել է 8500-ը։
Հայաստանը Սիրիա առաջին մարդասիրական օգնությունն ուղարկել է փետրվարի 8-ին` 30 տոննա, իսկ փետրվարի 14-ին հայտնի դարձավ ևս 25 տոննա բեռ ուղարկելու մասին։