ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժինների կարիքների համար պետական միջոցներով 12 նոր մեքենա է ձեռք բերվել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ձեռք են բերվել «UAZ Patriot 3163» ամենագնաց ավտոմեքենաներ, որոնց հանձնման արարողությունը տեղի է ունեցել այսօր։
«Ավտոմեքենաների ձեռք բերումը պայմանավորված է եղել ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ կայազորային քննչական բաժինների քննիչների համար առավել բարդ, դժվարամատչելի տարածքներում քննչական գործողությունների կատարման, անձնակազմի տեղաշարժի արագությունն ու անվտանգությունն ապահովելու օբյեկտիվ անհրաժեշտությամբ»,– ասված է հաղորագրությունում։
Աբրահամյանը նշել է, որ նման ռեսուրսի առկայությունն էապես խթանելու է կայազորային քննչական բաժինների աշխատանքի արդյունավետությունը։