ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի, Ուզբեկստանի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Շավքաթ Միրզիոևի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը տեղեկացրել է զրուցակիցներին երկրում տիրող իրավիճակի մասին», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Հիշեցնենք` ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ՌԴ ՊՆ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։ Պրիգոժինի հայտարարությունից հետո հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը Դոնի Ռոստովում «Վագների» ուժերը գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը: Քաղաքում տեղաշարժվում են զինված մարդկանց խմբեր, մուտքերի և ելքերի վրա տեղակայված են անցակետեր։
ՌԴ ԱԴԾ–ի քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով (զինված ապստամբություն կազմակերպելու փաստով)։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին իր այսօրվա ուղերձում հայտարարեց, որ ապստամբության փորձ իրականացնելու համար բոլոր մեղավորներն անխուսափելի պատիժ կկրեն, պատասխան կտան օրենքի և ժողովրդի առաջ։