Ձեզ խաբեությամբ ներքաշել են Պրիգոժինի արկածախնդրության մեջ. ՌԴ ՊՆ-ն` «Վագների» մարտիկներին

Պաշտպանական գերատեսչությունը կոչ է արել մարտիկներին խոհեմություն ցուցաբերել և կապ հաստատել Ռուսաստանի ՊՆ-ի կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դիմել է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությանը (ՄՌԿ)` ասելով, որ նրանք խաբեությամբ ներքաշվել են Եվգենի Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության մեջ։ Գերատեսչությունն առաջարկում է խոհեմություն ցուցաբերել և կապի մեջ մտնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ` երաշխավորելով բոլորի անվտանգությունը: Այս մասին հայտնուիմ է ՌԻԱ Նովոստին։
«Դիմում ենք «Վագներ» ՄՌԿ–ի գրոհային ջոկատների մարտիկներին։ Ձեզ խաբելով ներքաշել են Պրիգոժինիի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբությանը մասնակցելու մեջ։ Մի քանի ջոկատներից ձեր բազմաթիվ ընկերներ արդեն գիտակցել են իրենց սխալը` դիմելով օգնության և խնդրելով ապահովել մշտական տեղակայման կետեր անվտանգ վերադառնալու հնարավորությունը։ Մեր կողմից նման օգնություն արդեն ցուցաբերվել է բոլոր դիմած մարտիկներին և հրամանատարներին», – ասել են գերատեսչությունում։
Նախարարությունը մարտիկներին հորդորել է խելամտություն ցուցաբերել և արագ կապի դուրս գալ ՌԴ ՊՆ ներկայացուցիչների կամ իրավապահ մարմինների հետ։
«Մենք երաշխավորում ենք բոլորի անվտանգությունը», – հավելել են գերատեսչությունում։
ՊՆ–ում հայտարարել են նաև, որ կիևյան ռեժիմը, օգտվելով «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի սադրանքից, հարձակման համար բրիգադներ է կենտրոնացնում Բախմուտի ուղղությամբ։
Գեներալ Սուրովիկինը «Վագներին» կոչ է արել ենթարկվել ՌԴ նախագահի կամքին
«Օգտվելով Պրիգոժինի սադրանքից, որն ապակայունացնում է իրավիճակը, կիևյան ռեժիմը Բախմուտի մարտավարական ուղղությամբ հարձակողական գործողությունների համար կենտրոնացնում է Ուկրաինայի ԶՈւ–ի ծովային հետևակի35-րդ և 36-րդ բրիգադների ստորաբաժանումները», – ասել են գերատեսչությունում։
Նշվում է, որ այնտեղ զորքերի հարավային խմբավորումների զինծառայողները հակառակորդին հետ են մղում օդային և հրետանային հարվածներով։
Ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ՌԴ ՊՆ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։ «Վագներ» խմբի ճամբարին իբր հասցված հարվածի հետևանքների մասին տեսանյութը ռուսական Առաջին ալիքը բեմադրած է որակել։
ՌԴ ԱԴԾ–ի քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով (զինված ապստամբություն կազմակերպելու փաստով)։