«Տիտանիկի» անեծքը. արդյոք այն չի՞ կորցրել ուժը նաև մեր օրերում

«Տիտանիկի» բեկորները
Հիմա արդեն գրեթե հույս չկա, որ այս շաբաթ անհետացած սուզանավի հինգ ուղևորները կարողացել են հաղթահարել «Տիտանիկի» անեծքը։
Sputnik
«Ավելի քան 110 տարի առաջ ջրասույզ եղած «Տիտանիկի» հետ կապված ողբերգությունները շարունակվելու են»,– պնդում էր բրիտանացի գրող Ջեյմս Բենքրոֆթը, որի վերջին գիրքը կոչվում է «Տիտանիկի» աղետը. դատապարտված նավի առեղծվածը»։
Ցավոք, նրա մռայլ կանխատեսումն իրականացավ՝ անցած կիրակի փոքրիկ սուզանավը, որը փորձում էր հասնել մոտ 4 հազար մետր խորության վրա գտնվող կործանված «Տիտանիկին», կորցրեց կապը արտաքին աշխարհի հետ, իսկ հինգշաբթի հաղորդվեց, որ ամենայն հավանականությամբ, սուզանավում պայթյուն է տեղի ունեցել, և գտնվել են նրա բեկորները։ Եթե այդ տեղեկությունը վերջնականապես հաստատվի, ստիպված ենք լինելու համակերպվել այն իրողության հետ, որ սուզանավում գտնվող մարդիկ՝ բրիտանացի միլիարդատեր Հեմիշ Հարդինգը, պակիստանցի մեծահարուստ Շահզադ Դավուդը որդու հետ և էլի երկու ուղևորներ այլևս ողջ չեն։
Համաձայնեք` նման դեպքերում համակերպվելը չափազանց դժվար է, և ոմանք շարունակում են պնդել՝ չի բացառվում, որ իսկապես վթար է տեղի ունեցել, բայց դրանից անմիջապես հետո ուղևորներին հաջողվել է դուրս հանել բատիսկաֆը ծովի խորքից։ Հոռետեսները համոզված են՝ եթե սուզանավը լիներ ծովի մակերևույթին, այն արդեն վաղուց կգտնեին։ Սակայն կա նաև հակառակ կարծիքը՝ բատիսկաֆը շատ փոքր է՝ «Գազել» միկրոավտոբուսի չափ, և այն հայտնաբերելը չափազանց դժվար է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ պարզապես անհնար է կռահել, թե օվկիանոսային հոսանքները որ ուղղությամբ կտանեն վթարված սուզանավը։
Ճիշտ է` կասկածները մնում են՝ նույնիսկ եթե ընդունենք, թե բատիսկաֆը կամ այն, ինչ դրանից մնացել է, բարձրացել և հիմա լողում է անծայրածիր Ատլանտյան օվկիանոսում, ինչպե՞ս են գոյատևելու ուղևորները, որոնցից յուրաքանչյուրին թույլ են տվել իր հետ վերցնել ընդամենը մեկ սենդվիչ։ Սակայն ես հիշում եմ դեռ դպրոցական տարիներին տեսած կինոնկարը, որը կոչվում էր «49 օր» և հիմնված էր իրական իրադարձությունների վրա։ 1960 թվականին ուժեղ փոթորիկը ափից պոկել և Խաղաղ օվկիանոս էր տարել այն նավը, որի վրա հերթապահում էին խորհրդային 4 երիտասարդ զինվորները։ Եվ նրանք մոտ 50 օր մնացել են բաց ծովում գրեթե առանց ուտելիքի և ջրի։ Ու ողջ են մնացել։
Սև ծովին սև օրեր են սպասում. ջրի որակը անդառնալիորեն փոխվում է
Այստեղ մեկ այլ, հիմնարար հարց է ծագում, որն այս օրերին ավելի ու ավելի հաճախ են հնչեցնում լրատվամիջոցները, փորձագետները և հանրության շարքային անդամները՝ լավ, իսկ ինչու են մարդիկ գիտակցաբար վտանգում իրենց կյանքը, նույնիսկ պատկառելի գումարներ ծախսում։ Նույն Հարդինգին վերցրեք։
Ամերիկյան թերթերից մեկը գրել է. «Այս մարդն իր կարողության առյուծի բաժինը ծախսում էր արկածախնդրության, ռեկորդների և վտանգավոր ուղևորությունների վրա՝ նա թռչում էր պարաշյուտով, իջնում ծովի հատակը, ինքնաթիռով պտտվում Երկրի շուրջը և նույնիսկ մասնակցել է տիեզերական թռիչքին»։
Տիեզերքի նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել մեկ այլ մեծահարուստ, «Ամազոն» ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որը մի անգամ ասել է. «Արեգակնային համակարգում կարող է ապրել մեկ տրիլիոն մարդ։ Եթե մենք ունենայինք այդ տրիլիոնը, մենք կունենայինք նաև մոտ հազար Ալբերտ Էյնշտեյն, այդքան էլ Մոցարտ։ Ես կուզեի, որ իմ ծոռների ծոռները հենց այդպիսի աշխարհում ապրեին»։
Արկածներ որոնողի համբավ ունի նաև «Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիր Փոլ Ալենը, որը հսկա ինքնաթիռ էր ստեղծում տիեզերական թռիչքների համար։ Փողը բանի տեղ չէր դնում՝ մի անգամ 250 միլիոն դոլար է նվիրաբերել հայտնի կիթառահար Ջիմի Հենդրիքսի թանգարանը բացելու համար։ Պատկերացրեք՝ 250 միլիոն դոլար։ Դե ամեն մեկն իր նախասիրություններն ունի։ Բրիտանացի Ռիչարդ Բրենսոնն էլ ժամանակին հրատարակում էր «Student» հանդեսը, որի համար հոդվածներ էին գրում Ջոն Լենոնը և Միք Ջագերը։ Եվ այնուամենայնիվ աշխարհի մեծահարուստներին միշտ մագնիսի պես ձգել է «Տիտանիկը»։
Գիտեմ, որ շատերի դեմքին անմիջապես հեգնական ժպիտ է հայտնվում, երբ լսում են «Տիտանիկի անեծք» բառակապակցությունը։ Իհարկե, մինչև վերջ պարզ չէ, թե իրականում ինչ է կատարվել այս շաբաթ, սակայն համակարգչային խաղերի մշակող Ռիչարդ Գերիոթը տարիներ առաջ պատմել է. «Երբ սուզվեցինք ու հասանք «Տիտանիկին», հանկարծ մեր բատիսկաֆը անսպասելիորեն հարվածեց կործանված նավին, որի հատվածներից մեկը մեզ սեղմեց հատակին։ Չէինք կարողանում ո՛չ միացնել շարժիչը և դուրս պրծնել, ո՛չ օգնություն հայցել արտաքին աշխարհից։ Ու ես մտածեցի՝ ահա այսպես է վրա հասնում մահը»։
Ռիչարդ Գերիոթի բատիսկաֆն ի վերջո փրկեցին։ Իհարկե, հիմա արդեն գրեթե հույս չկա, որ «Տիտանիկի» անեծքը կարողացել են հաղթահարել նաև այս շաբաթ անհետացած սուզանավի հինգ ուղևորները։ Համենայնդեպս համաձայնեք՝ երբ մեռնում է վերջին հույսը, կյանքն անիմաստ գոյատևման է վերածվում։
ԱՄՆ առափնյա պահպանությանը բեկորներ է գտել «Տիտանի» որոնման վայրում