Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՄԻՊ

ՄԻՊ գրասենյակ
Դատարանը Տիգրան Առաքելյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառել տնային կալանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հայ ազգային կոնգրեսի նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանին քննչական կոմիտեում խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Օրերս Տիգրան Առաքելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, թե իրեն ՔԿ–ում խոշտանգել են, որին անձամբ մասնակցել է կառույցի ղեկավար Արգիշտի Քյարամյանը: ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ ասել էր, որ անհիմն, օդից արված հայտարարությունները չեն մեկնաբանում․ դրա համար կա իրավական ընթացակարգ։

«Հաշվի առնելով սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում Տիգրան Առաքելյանի կողմից արդեն իսկ տարածված ուղիղ եթերի շուրջ հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դեռևս հունիսի 19-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգ է ստացվել Տիգրան Առաքելյանի կողմից։ Վերջինս նշել է, որ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում և քննչական մարմնում իր նկատմամբ բռնություն է կիրառվել»,– նշված է հաղորդագրության մեջ։

Զանգը ստանալուց անմիջապես հետո ՄԻՊ–ի ներկայացուցիչները այց են իրականացրել ՁՊՎ, հանդիպել են Տիգրան Առաքելյանի հետ։ Առանձնազրույցի ընթացքում նրա կողմից բարձրացված բոլոր հարցերը արձանագրվել են և նույն օրն առանձին գրությամբ ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու նպատակով:
Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է դատարան ներկայացվելու նպատակով՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով շորթում կատարելը)և 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքին կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելուն օժանդակելը):
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանը այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք է կիրառել։
Ոստիկանները ուժ են կիրառել մեղադրյալին պաշտպանելու փորձի ժամանակ. Ալավերդյան