Սուրեն Պապիկյանն ու ԱՄՆ Կանզասի նահանգապետը որոշել են փոխգործակցել նոր ուղղություններով

Հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են պլանավորված համագործակցության առաջընթաց` արհեստավարժ սերժանտական համակարգի, խաղաղապահության, կիբեռանվտանգության և այլ ոլորտներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելին այսօր հանդիպել են ու պայմանավորվել շարունակել համագործակցությունը, նախաձեռնել փոխգործակցության նոր ուղղություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարւոթյունում
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: ԱՄՆ Կանզասի նահանգապետն ու ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդին մեր երկիր են ժամանել Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը: Անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարարի՝ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին Կանզաս նահանգ կատարած այցի ընթացքում համագործակցության նոր ուղղությունների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին»,– նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են պլանավորված համագործակցության առաջընթաց` արհեստավարժ սերժանտական համակարգի, խաղաղապահության, կիբեռանվտանգության և այլ ոլորտներում։
Նշենք, որ հունիսի 22–ին ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելին Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վերներդին հանդիպել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: