ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերում հունիսի 23-ին հրաձիգներ Բենիկ Խլղաթյանը (289 միավոր) և Էլմիրա Կարապետյանը (292 միավոր) «ատրճանակ» ձևի 10մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում միասին խոցելով 581 միավոր՝ անցել են եզրափակիչ: Եզրափակչում զիջելով միայն Իտալիայի թիմին՝ հրաձիգները դարձել են արծաթե մեդալակիր, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Նախորդ օրը՝ անհատական պայքարում Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը չէին կարողացել նվաճել Եվրոպական խաղերի գնդակային հրաձգության մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր։
Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել նաև Երջանիկ Ավետիսյանը (ստենդային հրաձգություն):
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի հրաձգության մրցումները վարկանիշային են Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Էլմիրա Կարապետյանն ունի օլիմպիական ուղեգիր, որը նվաճել է 2022 թվականին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 5-րդ տեղ գրավելու շնորհիվ։
Հայաստանը Եվրոպական երրորդ խաղերին մասնակցում է 57 մարզիկով։ Նրանք մասնակցում են խաղերի ծրագրում ընդգրկված 29 մարզաձևերից 9-ի՝ ատլետիկայի, բռնցքամարտի, թաեքվոնդոյի, թեքբոլի, կարատեի, հրաձգության, ջրացատկի, մուայթայի և սուսերամարտի մրցումներին:
Եվրոպական 3-րդ խաղերը մեկնարկել են Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21–ին, կտևեն մինչև հուլիսի 2-ը:
Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը արծաթե մեդալ են նվաճել Եվրոպական խաղերում
© Photo : official site of MESCS of RA