ՌԴ-ն ինտելեկտուալ անցակետի տեխնոլոգիաներ կօգտագործի «Վերին Լարսում»

Այլևս հնարավոր չէ ֆիզիկապես ընդլայնել այդ անցակետը՝ ավելացնելով գոտիների քանակը, բայց կան տեխնոլոգիաներ, որոնք մաքսային մարմինները կկարողանան ապագայում օգտագործել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը (ԴՄԾ) պատրաստվում է ապագայում «ինտելեկտուալ անցակետի» տեխնոլոգիաներ օգտագործել «Վերին Լարսում» ՝ սահմանով ավտոտրանսպորտի բացթողումն արագացնելու համար: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը լրագրողներին հայտնել է գերատեսչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը։
Նա նշել է, այլևս հնարավոր չէ ֆիզիկապես ընդլայնել այդ անցակետը՝ ավելացնելով գոտիների քանակը, բայց կան տեխնոլոգիաներ, որոնք մաքսային մարմինները կկարողանան օգտագործել ապագայում, և որոնք թույլ կտան հետագայում ևս ավելացնել բեռնափոխադրումների հոսքն այդ ուղղությամբ:
«Օգտագործում ենք խելացի անցակետի տեխնոլոգիաները՝ թվայնացում, խելացի սքաներ, մեքենաների կշռաչափային ցուցանիշների ավտոմատ սքանավորում, պետհամարանիշների սքանավորում, դրանց ավտոմատ վերբեռնում վերահսկող մարմինների համակարգեր և հետագայում դրանց հետ ռիսկերի կառավարման համակարգի աշխատանք, հեռանկարում՝ արհեստական բանականության օգտագործմամբ», – ասել է նա։
Դավիդովն այցելել է ռուս-վրացական սահմանի Հյուսիսային Օսիայում գտնվող «Վերին Լարս» ավտոմոբիլային անցակետ, որը վերջերս ընդլայնվել է մինչև 39 գոտի:
Սա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ամենածանրաբեռնված անցակետն է. վերջին ամիսներին դրանով ավտոտրանսպորտի հոսքը ժամանակ առ ժամանակ գերազանցել է օրական հազարը ՝ չնայած այնտեղ իրականացվող վերակառուցման աշխատանքներին։
Այս տարվա մայիսին «Վերին Լարսում» երթևեկության 25 գոտիներին ավելացել է 11 նոր գոտի, իսկ հունիսի 15-ին գործարկվել է ևս երեքը:
Հայկական բեռնատարները Վերին Լարսում առաջնահերթ կարգով են զննում անցնում․ պետի տեղակալ
«Եթե մինչև տրանսպորտի նախարարության կողմից այդ գծերը շահագործման հանձնելը հազար մեքենա էր անցում՝ օրական 800-1000 մեքենա, ապա այժմ՝ 1200-1300 մեքենա կարող է անցնել, և, հավանաբար, այդ թիվն ավելացնելու ռեզերվ կա», - ասել է Դավիդովը։
Այսպիսով, նրա գնահատմամբ, այդ կետով բեռնափոխադրումների աճը կարող է գերազանցել 20 տոկոսը։
Ընդ որում, նրա խոսքով, ՌԴ ԴՄԾ-ն նախատեսում է ընդլայնել անցակետերում թվային տեխնոլոգիաների օգտագործումը։ Մասնավորապես, այժմ հայկական կողմի հետ ինտելեկտուալ կապարակնիքի տեխնոլոգիա է մշակվում։
«Նման կապարակնիքով մեքենան անցակետն անցնելու է անհպում։ Կապարակնիքի մեջ կներբեռնվի մեքենայի մասին ամբողջ տեղեկատվությունը, այն սքանավորվելու է անցակետում, և եթե ռիսկերի կառավարման համակարգը չաշխատի, ուրեմն ավտոմատ կերպով բաց կթողնենք», - պարզաբանել է նա։
ԴՄԾ-ը պատրաստվում է գործարկել այս տեխնոլոգիան երկու տարվա ընթացքում:
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։