Մահացել է զինվորական կացարանի հրդեհից զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը

Արման Բարսեղյան
Բարսեղյանների ընտանիքը Գերմանիայից վերադարձել էր Հայաստան, որ Գագիկը մեկնի ծառայության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Սրտամկանի ինֆարկտից մահացել է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից մեկի Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Նորիկ Նորիկյանը։
Նշենք, որ Գագիկ Բարսեղյանը զորակոչվելուց 1 տարի առաջ Հայաստան էր վերադարձել Գերմանիայից զինվորական ծառայության անցնելու համար։
Մինչև Գերմանիա մեկնելը Գագիկը սովորում էր Գառնիի Ատոմի անվան համար 2 ավագ դպրոցում։ Հաճախում էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, երազում էր ծրագրավորող դառնալ։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել. մանրամասներ
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։