ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ–ի Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին և Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վերներդին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը բարձր է գնահատել Կանզաս նահանգի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով և վստահություն հայտնել, որ տիկին Քելիի այցը նոր ազդակ կհաղորդի փոխգործակցությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ–ի Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելին
«Զրուցակիցները քննարկել են տնտեսության, գյուղատնտեսության և ռազմական կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Լորա Քելին իր հերթին նշել է` Հայաստանի հետ կապերն ամրապնդելու պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ վարչակազմի աջակցությունը ՀՀ կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում:
Նշենք, որ ամերիկացի պաշտոնյաները Հայաստան են ժամանել Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում։
Նրանք այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին։